«Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀՀ կառավարությունը կազմակերպում է «Տնտեսական հարցերով համաժողով»: Մասնակցելո՞ւ եք այդ համաժողովին, ի՞նչ սպասելիքներ ունեք»,- հարցով դիմեցինք Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻՆ:
-Հրավիրված եմ և մասնակցելու եմ այդ համաժողովին: Պատրաստվում եմ ելույթ ունենալու և այդ լսարանին ներկայացնելու Հայաստանի հելիոֆիկացիայի իմ ծրագիրը: Ասելու շատ բան կա: Ժամանակն է հասկանալու, թե ինչ կատարվեց մեր տնտեսության հետ մեր քառորդդարյա անկախության տարիներին, ինչո՞ւ մեր տնտեսությունը և, մասնավորապես, մեր զարգացած արդյունաբերությունը այդպես հետընթաց ապրեցին, և ամենակարևորը, պարզելու, թե մենք ինչպես ենք հաղթահարելու այդ տնտեսական ճգնաժամը: Այն, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը պետք է արագ հաղթահարվի, համակարծիք են ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, դիրքերից ու գրաված պաշտոններից: Ճգնաժամի հաղթահարմանը այլընտրանք չունենք, ժամանակ էլ չի մնացել: Դատելով համաժողովի օրակարգից, պետք է ասեմ, որ մեր իշխանությունները համառորեն շարունակում են կրկնել նույն սխալը՝ հույսը դնելով կառավարության մշակած ծրագրերի համակարգված իրականացման վրա: Համաժողովի անցկացման մեկ օրվա ընթացքում պետք է լսենք յոթ նախարարի, ՀՀ Կենտրոնական բանկի ու Հայաստանի զարգացման տնօրենի ելույթները: Այդ պետական չինովնիկների գաղափարներին ու որդեգրած ծրագրերին մեր հանրությունը քաջատեղյակ է, դրանք շարունակ մշակվում, թարմացվում ու ներկայացվում են, ներկայացվում ու դարձյալ թարմացվում են և այդպես շարունակ: Արդյունքում երկրի պետական պարտքը միայն ավելանում է, տնտեսական ճգնաժամը խորանում, իսկ արտագաղթը սաստկանում է: Ժամանակն է, որ արդեն մեր նախարարները լսեն մեր խոսքը: Դա թույլ կտա հասկանալ մեր տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը, հասկանալ ու գնահատել մեր թույլ տված սխալները, փորձել ելքեր գտնել առկա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
-Եթե կարելի է` նշեք ռազմավարական բնույթի այն սխալները, որոնք մեր երկիրը տնտեսական անհաջողության տարան:
-ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի հիմքերը դրվել են այն տարիներին, երբ մեր ժողովուրդը պայքարում էր իր անկախության համար: Ազգային ազատագրական պայքարի հաջողությունները Ղարաբաղում, Սպիտակի ահավոր երկրաշարժը, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը մեզ թույլ չտվեցին հետևել, հասկանալ ու գնահատել այն կործանարար հետևանքները, որ իր հետ բերեց ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության կոնվերսիայի մասին ԽՄԿԿ կենտկոմի ու ԽՍՀՄ մինիստրների խորհրդի 1988 թ. կայացրած որոշումը: Համաձայն այդ որոշման` ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության շատ գործարաններ զրկվում են կենտրոնացված ֆինանսավորումից, դուրս են գալիս պլանային համակարգից ու իրենց գործունեությունը պետք է շարունակեն ինքնուրույն՝ վերապրոֆիլավորելով իրենց գործունեության ոլորտը: Հայաստանում գործող ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության 150 խոշոր ձեռնարկությունները մեկ որոշումով կորցրին իրենց տրադիցիոն իրացման շուկաները և, փաստորեն, կանգնեցին լուծարման փաստի առաջ: Թե ի՞նչ նշանակություն ունեին այդ ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության համար, հայտնի է բոլորին: Բացի այն, որ այդ ձեռնարկությունները խիստ եկամտաբեր էին ու ապահովում էին Հայաստանի բնակչության բարձր վճարվող աշխատատեղերի մոտ 70 տոկոսը, այնտեղ էին կենտրոնացված մեր արդյունաբերության հիմնական գիտատար ճյուղերը, բարձր տեխնոլոգիաները, հզոր գիտական ներուժը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները: Վերապրոֆիլավորման գործընթացը կազմակերպելու համար Հայաստանում ստեղծվեց կոնվերսիայի հարցերով հատուկ հանձնաժողով՝ ՀԽՍՀ պետպլանի նախագահ ընկեր Մ. Ս. Մինասբեկյանի գլխավորությամբ: Որպես ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության տարածաշրջանային ինստիտուտի տնօրեն ես մասնակցում էի կոնվերսիայի հանձնաժողովի աշխատանքներին: Բացի ջուր ծեծելուց ու գորբաչովյան «պերեստրոյկայի» մասին վերջին անեկդոտները պատմելուց, այդ հանձնաժողովում ոչինչ չէր արվում: Օգուտ չտվեց նաև իմ անձնական նախաձեռնությամբ կազմակերպված ու անցկացված կոնվերսիայի հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը՝ ՎՊԿ-ի գործարանների տնօրենների ու գլխավոր ինժեներների մասնակցությամբ: Միայն երկու մեջբերում այդ նիստի ելույթներից: «Անհանգստանալու պատճառներ չունենք, մեր գործարանները նախկինի նման շարունակելու են աշխատել». սա Մինասբեկյանի տեսակետն էր: «Դուք այսօր ցույց տվեցիք, որ մատը մատին անգամ չեք ցանկանում խփել, որպեսզի պետական մակարդակով լուծվեն մեր գործարանների խնդիրները, 20 տարի անց Ձեր այսօրվա թույլ տված սխալները մենք ենք ստիպված լինելու ուղղել»,- «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի գլխավոր ինժեներ Վալերի Մարգարյանը: Չգիտեմ, թե հիմա որտե՞ղ է մեր կոնվերսիայի հանձնաժողովի քաջարի նախագահը, բայց գիտեմ, որ նաև նրա թեթև ձեռքով մեր արդյունաբերության ճակատագիրը որոշվեց դեռևս մինչև անկախություն ստանալը: Ի՞նչ մնաց մեր «Սիրիուս», «Չափիչ», «Էրեբունի», «Մասիվ», «Սիստեմա», «Բազալտ», «Անի» և այլ հզորագույն գիտաարտադրական միավորումներից, Մերգելյանի ինստիտուտից, «Հայէլեկտրոյից», կաբելի և այլ խոշոր գործարաններից: Ոչինչ էլ չմնաց: Ի՞նչ կատարվեց, մենք հիմա էլ չենք կարող հասկանալ: Դրսից ղեկավարվող ծրագիր էր իրականացվում, թե մեր սեփական անպատասխանատվության արդյունքն էր դա, դժվարանում եմ ասել: ՀՀ առաջին նախագահի ժամանակ դրությունը ավելի խորացավ, սկսվեց մեր գործարանների անխնա թալանը, շան մսի գնով վաճառվեցին մեր հոսքագծերն ու լավագույն հաստոցները: Տեխնիկական հագեցվածության մակարդակով հայկական ձեռնարկությունները լավագույններից էին աշխարհում: Դա Կարեն Դեմիրճյանի շնորհքն էր: Մեր գործարանների համար սովորական բաներ էին շվեյցարական ու ճապոնական ճշգրիտ կոորդինատային հաստոցները, արևմտագերմանական խառատային ու ֆրեզերային հաստոցները, էլեկտրոնային միկրոսկոպները, ֆոտոշտամպները և այլն: Մեր ցանկացած գործարանի սահմաններում կարելի էր ստեղծել բարդ արդյունաբերական նմուշներ և կազմակերպել դրանց սերիական արտադրությունը: Այդ հնարավորությունը մեր ինժեներներն ու գիտնականներն այսօր չունեն: Մեկ փորձնական նմուշ պատրաստելու համար հիմա ստիպված ենք լինում շրջել երկրով մեկ, հաղթահարել բազում դժվարություններ, որոնք կարող էին նաև չլինել, եթե մենք կարողանայինք կասեցնել մեր գործարանների թալանը՝ գոնե կարևորագույն տեխնոլոգիական սարքավորումների ու հաստոցների կոնսերվացիայի միջոցով: Չեղավ, չհաջողվեց: Մեր գործարանները վերջնականապես թալանվեցին, ու մեր տեխնիկական պոտենցիալը զրոյի հավասարվեց: Այնտեղ այսօր հնարավոր չէ անգամ ուսանողական պրակտիկաներ կազմակերպել: Որտե՞ղ ենք պատրաստելու մեր երիտասարդ բանվորական ու ինժեներական կադրերին, չգիտեմ: Խորհրդային ծանրաշարժ պլանային տնտեսության փոխարեն մեզ մոտ հիմա հաստատվել է ատկատային էկոնոմիկա, որը կարող է միայն խորացնել երկրի տնտեսական ժգնաժամը: Կրակից փախանք, ջուրն ընկանք: Հիմա մենք ստիպված ենք սկսել նորից և իրագործել նոր ինդուստրալացման դեռևս անհայտ մի ազգային ծրագիր, որի հիմքում ես տեսնում եմ Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի, Հայաստանում ու սփյուռքում հելիոտեխնիկական արդյունաբերության ստեղծման գործը:
-Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այսօրվա նիստին կմասնակցեն մեր ֆինանսիստներն ու տնտեսագետները, միգուցե նրա՞նք տնտեսական իրավիճակը փոխելու ելքեր կառաջարկեն:
-Տնտեսագետների բոլոր առաջարկությունները թխված են միևնույն համաշխարհային տնտեսագիտական խմորով: Սինգապուրում այսպես է, Գերմանիայում այնպես է, Չինաստանում մի այլ ձևով են աշխատում և այլն: Արդյունքում մեր տնտեսագետները առաջարկում են երկրում կիրառել այս կամ այն հաջողակ երկրի տնտեսական մոդելները՝ մոռանալով, որ մենք գործ ունենք Հայաստանի հետ՝ իր բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով ու շատ յուրահատուկ ժողովրդով: Հայաստանում դրությունը փրկելու համար պետք է մշակել ու կիրառել հայկական միջավայրի համար կենսունակ տնտեսագիտական մոդելներ, որտեղ հայ մարդուն հետաքրքիր կլինի աշխատել ու լավ արդյունքներ ցույց տալ: Այսօր Հայաստանում աշխատելը շատ դժվար է, մեր բիզնես միջավայրը լրջագույն տրանսֆորմացիայի կարիք ունի, այլապես արդյունքի չենք հասնի: Հայ ֆինանսիստների հետ հույսեր կապելուց առաջ պետք է հասկանալ, թե ովքեր են նրանք, ինչպես հարստացան ու ֆինանսիստ դարձան: Նրանց մեջ, իհարկե, դժվար է գտնել մեկին, որը անցած լինի Զինգերի, Ֆորդի կամ Բիլ Գեյթսի նման գյուտարարների ու արդյունաբերողների դժվարին ճանապարհներով: Մեր ֆինանսիստների հիմնական մասի հարստության աղբյուրները հայտնի են. Սպիտակի երկրաշարժի օգնության թալան, հայկական գործարանների ունեցվածքի յուրացում, համաշխարհային բանկերի տված վարկերի յուրացում, կոռուպցիա: Ամենուր թալան, յուրացում, կոռուպցիա: Բացառություններ կան, իհարկե, բայց նրանք եղանակ ստեղծել չեն կարող: Մեր տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, երկրի նոր ինդուստրալացման գործընթացը կարգավորելու հարցում շատ կարևոր է, որ հայկական կապիտալը աշխատի երկրի ներսում, ներդրվի արդյունաբերության մեջ: Սա անլուծելի թվացող խնդիր է, որը հատուկ է հետխորհրդային բոլոր երկրներին: Նույնիսկ Պուտինին չի հաջողվում ռուսական կապիտալը ներգրավել իր երկրի առջև ծառացած դժվարին տնտեսական խնդիրները լուծելու համար:
-Ըստ Ձեզ, տեղական կապիտալը ինչո՞ւ չի ներդրվում տնտեսության մեջ։ Չէ՞ որ այդպես միայն մեր երկիրը կարող է հաղթահարել առկա տնտեսական ճգնաժամը:
-Հայկական կապիտալն այսօր աշխատում է հիմնականում առևտրի ոլորտում և որոշակիորեն կասեցնում է մեր երկրի տնտեսության զարգացումը: Հայ առևտրականի ու հայ արտադրողի շահերը հայկական շուկայում իրար չեն բռնում: Հայը հային վնաս է, հայի սերը պակաս է, ասում էր գուսան Ջիվանին: Առևտրականը ձգտում է մոնոպոլ դիրքեր գրավել ներքին շուկայում, պայքարել այլ ներկրողների ու նաև սեփական արտադրողների դեմ: Հայկական արտադրողը, ընդհակառակը, ձգտում է ներքին շուկայում տեսնել միայն իր արտադրանքը: Այսպիսի հակասություններում մշտապես հաղթող է դուրս գալիս մեր ներկրողը: Բերեմ մի շատ ակնառու օրինակ: Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր վթարներ՝ կապված ավտոմեքենաների գազի բալոնների պայթյունների հետ: Գազի բալոնները Հայաստան են ներկրվում Չինաստանից, Իտալիայից, Պարսկաստանից և այլն: Գազի նմանատիպ բալոններն արտադրվում են նաև Հայաստանում: Հայկական արտադրության բալոններն օգտագործվում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, և առայսօր, փառք Աստծո, պայթյունի ոչ մի դեպք չի արձանագրվել: Հայկական արտադրության բալոնները ավելի որակով ու շատ հուսալի են: Այս ընթացքում, ցավոք, այդպես էլ չիմացվեց, թե հատկապես ո՞ր երկրի արտադրության բալոններն են պայթել: Այդ շատ կարևոր ինֆորմացիան, հնարավոր է, միտումնավոր ձևով թաքցվեց: Ինչո՞ւ: Նման ինֆորմացիայի տարածումը կարող էր կործանարար լինել գազի բալոններ ներկրող ընկերության համար: Հայկական ընկերության համար այդ ինֆորմացիայի տարածումը, ընդհակառակը, կարող էր նրան լրացուցիչ գովազդ ապահովել, ինչն իր հերթին թույլ կտար ընդարձակել բալոնների արտադրությունը, գրավել ողջ ներքին շուկան, ընդարձակել արտահանման շուկաները, ավելացնել Հայաստանի բյուջեի հարկային մուտքերը, ավելացնել աշխատատեղերը: Բայց.... ինչ-ինչ պատճառներով գազի բալոններ արտադրող հայկական «Գոլդեն ֆիլդ» ընկերության արտադրությունն այսօր հարկադրաբար կանգնեցված է: Նման օրինակներ ես կարող եմ բերել նաև մեր արևային ոլորտից, ցույց տալ, թե ինչ համառությամբ ու ինչ հնարքներով են մեր իշխանական տարբեր օղակներում պայքարում արևային տեխնիկայի զարգացման մեր ծրագրի դեմ: Հույս ունենալ, թե մեր հայկական կապիտալը կներդրվի Հայաստանում ու մեր մատից փուշ կհանի, ես առայժմ անիրատեսական եմ համարում: Անիրատեսական եմ համարում նաև այն, որ սփյուռքը հիմա ներդրումներ կկատարի Հայաստանի տնտեսության մեջ: Դա նա սիրով կկատարի միայն հայաստանցի ֆինանսիստների ներդրումներից հետո: Եթե մեր իշխանություններին հաջողվի լուծել տեղական ներդրումների խնդիրը, ապա մեզ կհաջողվի կազմակերպել նաև հայկական կապիտալի ու հայկական գիտության փոխշահավետ համագործակցությունը, և մենք կարող ենք լուրջ հաջողությունների հասնել և տնտեսության մեջ՝ ապահովելով նրա թռիչքաձև զարգացումը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում հոսանքի թանկացման հետ կապված բողոքի ակցիային: Ի՞նչ իրադրություն կլիներ Հայաստանում, եթե իրականություն դառնար Ձեր հելիոֆիկացիայի ծրագիրը:
-Այստեղ ես համամիտ եմ մեր նախագահի հետ: Էներգետիկայի ոլորտում մենք խաղեր տալ չենք կարող, որովհետև Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքը կանգ կառնի: Էներգետիկան արդյունաբերության հացն է՝ հիշենք Լենինի խոսքերը: Թանկացումների պետք է գնալ, եթե դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը կա, բայց այդ ամենը կարող է քննարկման դրվել միայն էլեկտրական բաշխիչ ցանցերի ազգայնացումից հետո: Հիանում ու հպարտանում եմ մեր երիտասարդ սերնդով: Նրանք պատրաստ են տեր կանգնելու մեր երկրին: Փառք ու պատիվ նրանց: Թանկացումների հարցում մեր չինովնիկների մատը խառն է: Ընդունենք, որ արտադրական անհրաժեշտությունից ելնելով և Հայաստանում որակով էլեկտրաէներգիա ապահովելու համար ռուսական ընկերությունը ստիպված է հոսանքի գինը բարձրացնել 6,93 դրամով: Բայց որտեղի՞ց ծլեց ու այդպես էլ անհետացավ հոսանքը 17 դրամով թանկացնելու առաջարկը: Համոզված եմ, որ այդ 10 դրամը հայ չինովնիկների գրպանի համար էր նախատեսված: Այ սրա դեմ է մեր ժողովրդի բողոքը: Հայաստանում մայդաններ փնտրել պետք չէ, պետք է վերջապես վերջ դնել չինովնիկական խարդավանքներին ու կոռուպցիային ու թույլ տալ մեր քաղաքացիներին ապրել, աշխատել ու արարել իրենց սեփական երկրում: Մեր հելիոֆիկացիայի ծրագիրը անպայման կիրականանա մեր երկրում: Հարց է, թե երբ: Հնարավոր է, որ Հայաստանը դառնա աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը: Հնարավոր է, որ Հայաստանը դառնա աշխարհի վերջին հելիոֆիկացված երկիրը: Հելիոֆիկացիան աշխարհի բոլոր երկրների ճակատագիրն է: Առաջինի դեպքում մենք կարող ենք ստանալ լուրջ տնտեսական ու քաղաքական դիվիդենդներ ու ընթացքից լուծել մեր օրհասական դարձած աշխատատեղերի, տնտեսության զարգացման, արտագաղթի և նմանապես հոսանքի թանկացման խնդիրները:
Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ